ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ՀԱՋՈՂ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

19 մյս 2022 թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՝ 4 ՐՈՊԵ

fundraiser

Ողջու՜յն,

Ունես խնդիր, որն աջակցության կարի՞ք ունի։

Գիտե՞ս՝ կարող ես «ռեԱրմենիա»-ում նախագիծ ստեղծել։ Իսկ մենք կօգնենք, որ այն անպայման հաջողի՝ կիսվելով քո արշավի համար անհրաժեշտ գիտելիքով, չէ՞ որ այս հարթակը հենց համագործակցելու համար է։

Դե՜, արժե ուշադրություն դարձնել մի քանի կետերի, որոնք, վստահաբար, կհեշտացնեն գործը, և կարճ ժամանակում կտան ցանկալի արդյունք։

Շա՜տ-շա՜տ կարևոր է ճիշտ ընտրել նախագծի վերնագիրը, ուշադրություն դարձնել նախագծի մասին պատմող տեքստի ձևին և բովանդակությանը՝ այն դարձնելով հեշտ ընթերնելի։

Պակաս կարևոր չէ նախագծին կցել հստակ ձևավորված բյուջե և, ինչու ոչ, նախագծի էջում ունենալ հաճախ տրվող հարցերի բաժին։

Դե՜, սկսե՞նք ավելի լավը դարձնել մեր արշավը։ Գնացի՜նք։

ԻՍԿ ՔՈ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՆԱԳԻՐՆ ԱԶԴԵՑԻ՞Կ Է

Մտածե՞լ ես՝ ֆիլմերի, գրքերի կամ որևէ արշավի վերնագրերը ինչպես են ազդում մեր որոշումների վրա։ Արի միասին հիշենք, թե որ ֆիլմերի վրա ենք քլիքում, որ գիրքն ենք վերցնում մեր ձեռքը գրախանութի հարյուրավոր գրքերից կամ երբ է մեր մտքով անցնում անպայման օգնել որևէ նախագծի։ Ճի՜շտ է. որը մեզ գրավեց, հետաքրքրեց կամ մեզ մոտ հույզ առաջացրեց։ Իսկ եթե անհետաքրքիր է, վանող կամ պարզապես ձանձրալիորեն երկար, թերթում ենք, անցնում առաջ՝ անգամ մոռանալով՝ ինչ էր այնտեղ գրված։  Այնինչ, վերնագրի տակ կարող է թաքնված լինել կարևոր ասելիք, որն այդպես էլ չի գտնում իր հասցեատիրոջը։ Ուրեմն ի՞նչ։ Ազդեցիկ վերնագիրը կանգնեցնում է մեզ և մեր ուշադրությունը հրավիրում իր վրա։

{node.data.target.fields.description}

Ուզու՞մ ես, չէ՞, մարդկանց ուշադրությունը հրավիրել հենց քո նախագծի վրա, որ ավելին կարդալու համար բազմաթիվ նախագծերից հենց քոնը քլիքեն։ Դե՜, գնացինք։ Այստեղ օգնության է գալիս ազդեցիկ վերնագիրը, որն անծանոթին կթեքի իր կողմը՝ միաժամանակ պատկերացում տալով՝ ինչի մասին է խոսքը։ Ի վերջո, մենք որոշումներ ենք կայացնում հույզի հիման վրա։

-Ուրեմն ի՞նչ. 

-Պիտի մեր արշավի վերնագիրը համեմենք ցանկացած տեսակի հույզ առաջացնող բառով։

-Այո՜…

Լավ կլինի, որ վերնագիրը ստեղծենք 3-5 բառի սահմանում՝ կարճ, տպավորվող և ընթերցողի ժամանակը տնտեսող։ Դրանից էլ լավ սկի՜զբ։ Ազդեցիկ վերնագրի օրինակներ են՝ 

  1. Նոր էջ հերոսների կյանքում

  2. Գիտելիքը՝ Սյունիքի երեխաների ապագան

  3. Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք

  4. Ջերմատուն վիրավոր սպային

  5. Կարդա և խաղա Վաղուհասում

ՄԻՏՔԴ՝ ԵՐԿԱՐ, ԽՈՍՔԴ՝ ԿԱՐՃ

Հավանական աջակիցների հետ մեր հիմնական շփման լեզուն տեքստն է լինելու, որի միջոցով նրան կհասցնենք մեր ասելիքը, հետևաբար այն պիտի լինի թեթև ընթերցվող, պարզ և հասկանալի։ Դե՜, կիսվում եմ մի քանի խորհրդով. Կա՛րճ կապիր. 21-րդ դարն արագության դար է, մեր աջակիցներն էլ զբաղված մարդիկ են։ Խորհուրդ եմ տալիս նրանց ներկայացնես մեր պատմության լավագույն կողմերը՝ համառոտ շարվածքով։

Հրաշալի կլինի՝ արշավի տեքստն ընթերցվի 2-ից 3 րոպեում։ Համ կտնտեսենք նրանց ժամանակը, համ էլ մեր ասելիքը կարճ-կոնկրետ տեղ կհասնի։ Լավ է, չէ՞։

Համառոտ  նկարագրություն.  Որպես նախաբան՝ մեկ-երկու դիպուկ նախադասությունը լրիվ հերիք է մեր աջակիցների մոտ նախագծի մասին պատկերացում կազմելու և հետաքրքրություն առաջացնելու համար։ Բայց այստեղ կարևոր է թիրախավորել ընթերցողի էմոցիաները, ուստի կարող ենք օգտագործել հուզական տերմիններ` ուրախություն, հետաքրքրություն, զարմանք, տխրություն։

{node.data.target.fields.description}

Խնդիր. Պիտի էմոցիոնալ, պարզ ու ամբողջականորեն ներկայացնենք նախագծի խնդիրը՝ ցույց տալով օրինակներ, թե ինչու է այն խնդիր, և թե ինչու հենց այսօր պետք է զբաղվել դրա լուծմամբ։

Լուծում. Հետո պատմենք՝ ինչպես ենք լուծելու խնդիրը, ներկայացնենք իրականացման փուլերը, մեթոդները և այլն։

Արդյունք. Պիտի ցույց տանք նախագծի սոցիալական կողմը՝ նախագծին միացած կարևոր մարդկանց կամ արդյունքները, որոնք մեր հավանական աջակիցներին վստահություն կներշնչեն միանալու և մասը կազմելու այդ արդյունքի։

Ի վերջո՝ մարդը սոցիալական էակ է, և նրա որոշման վրա մեծապես ազդում է հանրային կարծիքը։

Ազդեցություն. Հետո պիտի ներկայացնենք, թե արշավը հաջողելու դեպքում նախագիծն ինչ ազդեցություն կունենա մեր պետության, նախագծին առնչվող որևէ ոլորտի, որևէ խմբի և նույնիսկ անհատի վրա։ Իսկ եթե նախագիծն արդեն գրանցել է որևէ արդյունք, անպայման պիտի կիսվենք նաև դրանով։

Ի դեպ՝ որևէ մեկին պիտի խնդրենք թարմ աչքով նայի և սրբագրի մեր նախագծի տեքստը, չէ՞ որ մենք հաճախ չենք նկատում մեր արած վրիպումները։

Հրանտ Մաթևոսյանի ակա՜նջը կանչի…

{node.data.target.fields.description}

 Ո՞Ր ՏԵՔՍՏՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿԸՆԹԵՐՑԵՍ  

Լսե՞լ ես, որ ասում են՝ այսինչ բանը մի տեսակ աչքիս չի նստում… այսինքն մի բան այն չէ, մի բան սրտովս չի, բայց չեմ հասկանում, թե ինչը։ Նույն ձևով էլ մեր նախագծի տեքստն է։ Եթե իրար գլխի լցված տառերով է, դժվար է կարդացվելու, եթե պարբերությունների բաժանենք, ներկայացնենք կետերով և մտքից միտք ազատ տարածություն թողնենք, էնպե՜ս կկարդացվի՝ էլ դու սու՛ս։  Համեմատի՜ր ինքդ. 

{node.data.target.fields.description}

ԱՉՔԻ ՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԲՅՈՒՋԵՆ

{node.data.target.fields.description}

Համաձա՞յն ես, որ վստահությունը սկսվում է թափանցիկությունից։ Երբ ծածուկ կամ կասկածելի ոչինչ չկա, բոլորը համագործակցող են և երջանիկ։ Եվ քանի որ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակն ապահովում է վստահություն և թափանցիկություն, հետևաբար, արշավի տեքստում ներառելով նախագծի բյուջեն և նախատեսվող ծախսերը՝ մեր հավանական աջակիցների մոտ ստեղծում ենք վստահություն մեր նախագծի հանդեպ։ Հ.Գ. Բյուջեն կարող ենք ներկայացնել փուլերով, իսկ մնացած մանրամասները ներառել առանձին փաստաթղթի մեջ՝ կցելով արշավի էջին։

ՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ
{node.data.target.fields.description}

Որպես բոնուս՝ նախագծի ամենավերջում ցանկալի է ունենալ նաև հաճախ տրվող հարցերի հատված, որտեղ կլինեն այն բոլոր հարցերն ու պատասխանները, որոնք, կարծում ես, հաճախ կարող են առաջանալ նվիրաբերողների մոտ։ Պատասխանելով այդ հարցերին՝ մենք միաժամանակ տնտեսում ենք քո և նախագծին աջակցողի ժամանակը, նվազեցնում ենք նրանց մոտ անհասկանալի հարցեր ունենալու հավանականությունը և ընձեռում թարմ-թարմ որոշում կայացնելու և տեղում նվիրաբերելու հնարավորություն։ Լա՜վ է, չէ՞։ Դե՜, հաջողությու՛ն քեզ, ընկե՛ր։ Շարունակի՛ր հետևել մեր խորհուրդներին, իսկ մենք կշարունակենք կիսվել օգտակար նյութերով, որոնք հարթակում տեղադրվող քո նախագծերն էլ ավելի լավը կդարձնեն։ Ի դեպ՝ որպես հաջող նախագծի օրինակ կարող ես դիտարկել «Արցախի «Մունք» տեխնոդպրոց» նախագիծը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3lqzMqt

Share: